ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական էջը։
Քաղաքի հանրային սննդի ու իրացման ցանցի որոշ օբյեկտներում արձանագրվել է անփույթ իրավիճակ. խախտվել են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները, բացակայել են օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, տեսանելի վայրում փակցված չեն եղել պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները, օգտագործվել են ախտահանիչ լուծույթներ, որոնք չեն համապատասխանել համավարակի պայմաններում սահմանված նորմերին, չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավարությունը անձանց ու սեղանների միջև։
Կազմվել են արձանագրություններ, որոնց կհետևեն անխուսափելի կասեցումներ:
Սննդի ոլորտը վերահսկող տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին չթուլացնել աչալրջությունը, խստագույնս պահպանել ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը՝ նպաստելով համավարակի շուտափույթ հաղթահարմանը։