ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ COVID-19 պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի վերաբերյալ թեմայով։
Նախարարի տեղակալը նշել է, որ յուրաքանչյուր դպրոցի համար կգծագրվի ելքի, մուտքի, շարժի կանոններ՝ բացառելու համար մարդկանց ինտենսիվ շփման արդյունքում հիվանդության տարածման ռիսկը։
«Փորձել ենք այնպիսի կանոններ սահմանել, որոնք կնվազեցնեն վարակի տարածումը։ Դրանցից են դպրոցների բոլոր մուտքերի օգտագործումը։ Նույն նպատակին է ուղղված նաև դպրոցի ներսում անկանոն շփումների կանխումը, ինչը կարող է դառնալ վարակի տարածման հավելյալ ռիսկ»,- ասել է նա։
Անդրեասյանն ընդգծել է, որ դպրոցում ուսուցման կազմակերպումն իրականացվելու է՝ ելնելով դասարանների խտությունից։
«Առաջարկվել է, որ մինչև 20 աշակերտ ունեցող դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվի սոցիալական հեռավորությունը պահպանելով, իսկ այն դպրոցներում, որտեղ դասարաններում սովորողների թիվը գերազանցում է 20-ը, դասարանները պետք է կիսվեն խմբերի և դպրոց հաճախեն հերթականությամբ՝ շաբաթական 3 օր»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Փոխնախարարը նշել է նաև, որ դպրոցում պարտադիր ախտահանման աշխատանքներ պետք է իրականացվեն յուրաքանչյուր հերթափոխից հետո։
«Միաժամանակ, երկու հերթափոխով աշխատելու դեպքում՝ ուսուցիչները հավելյալ աշխատելու համար պետք է ապահովվեն նաև համապատասխան վարձատրությամբ»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ առողջապահության նախարարությունը որոշակի կարգավորումներ է նախատեսել՝ դպրոցներում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերման եւ դրա պարագայում գործելու կանոնների վերաբերյալ։
«Մասնավորապես, եթե կորոնավիրուսային դեպքերը դպրոցում լինեն 10% եւ ավելի, ապա դպրոցի հետագա գործունեության հարցը կդրվի քննարկման, եւ որոշ ժամանակով այդ դպրոցները չեն գործի: Մյուս դեպքերում կլինեն առանձին մոտեցումներ՝ կախված համաճարակաբանական վիճակից և ընդհանուր ցուցումներից»,- ասել է Անդրեասյանը։
Նշենք նաև, որ նախատեսված է նաև թեստավորման գործընթաց դպրոցների աշխատակիցների համար: Ուղեցույցը նախատեսում է մի շարք լուծումներ՝ ռիսկի խմբում գտնվող սովորողների եւ ուսուցիչների համար:
«Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար նախատեսում ենք կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում սովորողների առկա ուսուցումը ցուցված չլինելու պարագայում։ Հեռավար ուսուցումը կկազմակերպվի կենտրոնացված եղանակով, ինչը նշանակում է, որ այս բեռը չենք թողնի առանձին դպրոցների եւ ուսուցիչների ուսերին եւ կփորձենք կենրոնացված իրականացնել երեխաների ուսուցման գործընթացը՝ գնահատումը վերապահելով դպրոցներին»,- պարզաբանել է նախարարի տեղակալը: