Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին։ Փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Խոսնակը նշել է, որ այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը:
«Ընդհանուր առմամբ, 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը: Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման)»,- գրել է Նիկողոսյանը։
Խոսնակը նշել է, որ այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը:
Հիշեցնենք՝ Հայաստանում, օգոստոսի 30-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 490 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 205 940 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 879 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 268 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
«Էրեբունի» բժշկական կենտրոնն նույնպես անցնում է իր բնականոն աշխատանքային ռիթմին: