ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եկել եմ ձեզ մի բան խնդրեմ… Մենք պետք է զինվորի թիկունքը ամուր պահենք, այս օրերին ամբողջ հայության ուշադրությունը սահմանին է, բայց մեր հզոր տղերքը շատ ավելի հանգիստ կզգան, որ իմանան իրենց հարազատներն առողջ են:
Ցավոք, մի քանի օր շարունակ կորոնավիրուսով վարակման դեպքերը շատացել են, այսօր արդեն 745 նոր դեպք է արձանագրվել: Հասկանում եմ, որ այս օրերին բոլորիս մեկ է մեր մրսածությունը, մեկ է հազը, մեկ է բարձր ջերմությունը, միայն մի բան է մեր մտքում և սրտում, լինել զինվորի կողքին:
Առողջ մնալն էլ մեծ օգնություն է, ժողովուրդ ջան, տարվա սկզբից առողջապահական համակարգը գերծանրաբեռնված պայքարում է կորոնավիրուսի դեմ և երկու շաբաթ էլ մեր բուժաշխատողները պայքարում են վիրավորների կյանքի համար: Բժիշկները պատերազմում են երկու ֆրոնտով: Ու ամեն նոր դեպքով ծանրաբեռնվում է առողջապահական համակարգը»:
ԱՆ նախարարի խորհրդականը հորդորում է կրել դիմակ, որ վիրուսը առաջնագիծ չհասնի և զինվորը առողջ մնա, որ բժիշկներն ու հիվանդանոցներն ազատ մնան՝ սպասարկելու վիրավորներին, որ առողջապահության համակարգի ռեսուրսներն ուղղվեն պատերազմի կարիքներին։
«Վստահեցնում եմ ձեզ, մեր զինծառայողները շատ ավելի լավ կզգան, եթե իմանան, որ իրենց ծնողները, տատիները և պապիկները, քույրերը և եղբայրներն առողջ են: Եկեք միասին պինդ պահենք զինվորի թիկունքը»,- գրել է Սարգսյանը: