Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:
Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։
Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր:
Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները»։
Արման Թաթոյանը կարծում է, որ այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57566-ի: Հոկտեմբերի 13-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: