Այսօրվանից պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում երկրարատև բուժում ստացող երեխաները նոր ընկեր կունենան՝ Ռոբին ռոբոտը: Այս մասին
տեղեկացնում է պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը:
Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշված է. ««Technologies» թիմի կողմից նախագծված ու պատրաստված ռոբոտի ֆինանսական ծախսերը հոգացել է INICIAR գլոբալ գործողությունների հիմնադրամն ու Նազարյան ընտանիքը՝ որպես հայաստանյան գործընկեր ներգրավելով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (ՔՈԱՖ):
Ռոբոտին իր նոր տանը ողջունեցին ոչ միայն երեխաներն ու տեղի բժիշկները, այլև ԱՄՆ-ից ուղիղ կապով միացած բարերարը. «Ռոբինը հույսի, ժպիտների և ընկերակցելու ռոբոտ է, նրանց ընտանիքների ու Արյունաբանական կենտրոնի անձնակազմի համար: Մենք աշխատում ենք սոցիալական զարգացման ուղղությամբ և հավատում ենք, որ ամեն երեխա արժանապատիվ կյանք պետք է ունենա: Մեր ազգի համար այս դժվարին օրերին նվազագույնը, որ կարող ենք, մեր կրտսերներին ուրախություն պատրգևելն է»,- ընդգծել է INICIAR-ի հիմնադիր տնօրեն Վերա Նազարյանը:
Իսկ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշել է. «Նման նախաձեռնությունները չափազանց կարևոր են, որովհետև երեխաները, երկարատև բուժման ընթացքում, անընդհատ կարիք ունեն դրական միջավայրի, չէ՞ որ դա ևս ազդում է բուժման լավ արդյունքների վրա: Շատ ուրախ ենք ողջունել Ռոբին ռոբոտին մեր շարքերում, և համոզված եմ՝ նա կդառնա մեր թիմի անբաժան մասն ու երեխաների սիրելի ընկերը»: