Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը հայտարարություն է արել՝ մասնավորապես, նշելով հետևյալը. «Չեմ տեսել մեկին, ում երեխային ԴՆԹ-ով գտել, տվել են: Ում էլ գտել են, թաղել են, մյուս օրն իմացել են՝ իրենց երեխան չէ»։
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ պնդելով, որ այդ հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի։ Չի եղել նման դեպք, երբ հուղարկավորությունից հետո պարզվի, որ ԴՆԹ արդյունքը սխալ է։
«Սարքը, որն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:
Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 468 մարմին, որոնք առանց այդ հետազոտության այլ ճանապարհով հնարավոր չէր լինի նույնականացնել:
Հաշվի առնելով, թե թեման որքան զգայուն է, այնուամենայնիվ, խնդրում ենք սխալ տեղեկություններ չտարածել և իրենց որդիներին ԴՆԹ-ով գտած ծնողներին չապակողմնորոշել։ Մեկ ուրիշ պնդում էլ արվել է, թե, իբր, հիվանդանոցներից զինծառայողներ են «կորել»։ Սա ևս իրականությանը չի համապատասխանում։ Առողջապահության նախարարությունը ծնողների հետ ուղիղ և իրավապահ մարմինների աջակցությամբ աշխատում է բոլոր առանձին դեպքերով։
Հավելենք նաև, որ անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող պետական գերատեսչությունը հանդիսանում է պաշտպանության նախարարությունը, իսկ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» կրկին իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է ԴՆԹ հետազոտությունները»,- մեկնաբանել են նախարարությունից: