Առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով:
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով այս մասին, Facebook-յան իր էջում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հարցազրույցի ընթացքում այս նախագծի առնչությամբ նրա կողմից բարձրաձայնված խնդիրներին, պարզաբանելով․
«Կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման, փակ հաստատությունների (օրինակ՝ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ:
Հետևաբար, կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ»:
Նիկողոսյանը շեշտել է, որ սույն նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկն այդ կազմակերպություններում:
«Ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասսայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է»,- գրել է Նիկողոսյանը, հիշեցնելով, որ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք՝ 2901 մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների՝ Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:
«Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչն առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է:
Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու։
Ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա»,- գրել է ԱՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը 6 ամսով երկարաձգելու՝ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին։ Այս մասին Հանրային hեռուստաընկերության եթերում հայտարարել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հայտնել էր, որ իրականում Առողջապահության նախարարությունն իր այս առաջարկը չի քննարկել էկոնոմիկայի նախարարության հետ։