Թեև Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը նվազել են, բայց, մասնագետների կանխատեսմամբ, առաջիկայում հիվանդությունը մի փոքր կաշխուժանա։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ամանորյա տոներից հետո կորոնավիրուսի ակտիվացում է նկատվում։ Բայց, ԱՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ թեստերի խնդիր չի առաջանա։
Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 12-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի 162 643 դեպք է գրանցվել, իսկ մահաբերությունը կազմում է 1.8 տոկոս: 8300 պացիենտ այս պահին բուժման մեջ են գտնվում:
«Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակային իրավիճակի կայունացում էր նկատվում. Վերջին 14 օրերին վարակի վերարտադրման ցուցանիշը 0.84 էր, մինչդեռ, նախորդող 14 օրերին՝ 1.43: Այս պահի դրությամբ՝ դրական արդյունք է ունենում թեստերի մոտ 16.5 տոկոսը, իսկ նախկինում մոտ 26 տոկոս թեստերի պատասխանն էր դրական»,- մանրամասնեց Գայանե Սահակյանը և հավելեց, որ վարակն ամենից հաճախ հայտնաբերվում է 50-60, 30-35, 0-5 և 15-20 տարիքային խմբերում:
Ասուլիսին ներկա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն էլ նշեց, որ անկախ նրանից՝ մեր երկիր կներթափանցի կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, թե՝ ոչ, միևնույն է, կարող ենք վարակի երրորդ ալիք ունենալ։
«Ճիշտ է, այսօր ամբողջ աշխարհում խոսվում է «բրիտանական» շտամի մասին, բայց վիրուսը կարող է ունենալ էլի ուրիշ շտամեր։ Միգուցե, արդեն կան, բայց դեռ հայտնի չեն»,- նկատեց մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրոսով պայմանավորված կարանտինը 6 ամսով երկարաձգվել է։