Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր անդրադարձել է տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին:
Այս պահի դրությամբ տնտեսական գործունեության այն ոլորտները, որտեղ գոյություն ունեն սահմանափակումները, գործելու են մինչև մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը, և եթե չլինեն այլ փոփոխություններ, ժամկետը կմնա նույնը։ Այս մասին տեղեկացրել է Սիմոնյանը, պատասխանելով Armenia Today գործակալության այն հարցին, թե երբվանի՞ց են իրենց գործունեությունը վերսկսելու տնտեսական գործունեություն իրականացնող այն ընկերությունները, որոնց աշխատանքն այս պահին սահմանափակված է։ Գործակալության այն հարցին, թե շինարարական գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքն ինչ սկզբունքով է դադարեցվել, Վարոսյանն արձագանքել է, որ սկզբունքերի հետ կապված հաշվի է առնվել անձանց տեղաշարժի մոտեցումը և այն տնտեսական գործունեության տեսակները, որոնք միտված են ապահովել մարդկանց առաջնային կարիքները։ «Առաջին հերթին դրանք պարենային խանութներն են և դեղատները, և դրանից բխող ապրանքների, դեղերի և մնացած անհրաժեշտ արտադրանքների ապահովման համար գործունեություն ծավալող գործարանների և ընկերությունների աշխատանքները։ Միևնույն ժամանակ՝ կան չարգելված գործունեության մի շարք այլ տեսակներ՝ ինչպես պետական կառավարման ապարատն է և արդյունաբերության այն ոլորտները, որոնք դեռ արգելված չեն, որտեղ դեռ հաշվի են առնված համաճարակի հետ կապված սանիտարական կանոնները և համաճարակի տարածման ռիսկի աստիճանը քիչ է»,-նշել է փոխնախարարը։