Համավարակը նոր պայմաններ է թելադրել կյանքի բոլոր բնագավառներում, և մշակույթի ոլորտը բացառություն չեղավ։ Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների պատասխան քայլը տարբեր էր․ որոշները համակերպվեցին՝ ընդմիջելով գործունեությունը, որոշներն էլ ավելի ճկուն գտնվեցին՝ ձեռնոց նետելով ստեղծված իրավիճակին։
Ստեփանակերտի Վ․Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ձեռնոց նետողների շարքից է՝ հավատարիմ իր էությանն ու կոչմանը։ Ինչպես պատերազմի, այնպես էլ համավարակի պայմաններում Ստեփանակերտի թատրոնը ստանձնեց խնդիրները մեղմացնելու ու հոգևոր բավարարվածություն ապահովելու իր դերը՝ նախաձեռնելով ներկայացումների օնլայն ցուցադրություններ:
Թեմայի շուրջ Armenia Today-ը զրուցել է Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի հետ։
-Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով պատրաստվում է կազմակերպել օնլայն ցուցադրություններ: Ինչպե՞ս է մտահղացել այդ գաղափարը։
-Հաշվի առնելով համավարակի տարածումը՝ Արցախում արգելվեցին մասսայական շփումները, և քանի որ թատրոնը կոլեկտիվ նշանակության կառույց է, մենք բնականաբար մաս կազմեցինք այդ որոշումներին։ 3-4 ամիս թատրոնը մատնված էր անգործության, և մտածեցինք, որ այդպես կարող է երկար շարունակվել, ու որոշեցինք փոքր դերասանական խմբով սկսել աշխատանքները՝ օնլայն ցուցադրությունների տեսքով։
Ես սկզբունքորեն դեմ էի արդեն նկարահանված ներկայացումները տեղադրելուն, որովհետև ըստ իս՝ դրանք չափանիշներով չէին համապատասխանում օնլայն հարթակին։ Այդ իսկ պատճառով որոշեցինք փոքր տեսահոլովակների տեսքով հանդես գալ։
Պահպանելով անվտանգության բոլոր պայմանները՝ մինչև 10 հոգի դերասանական կազմով արդեն իսկ ներկայացրել ենք համավարակի պայմաններում ստեղծված Դանիել Խամսի «Նամակը» ստեղծագործության հիման վրա «Առաջ» ներկայացումը։ Նաև ունենք երաժշտական ողջույն. Արցախի երգերի հիման վրա նկարահանված տեսահոլովակ է։
Այս պահին թատրոնը արձակուրդում է, բայց սեպտեմբերից պատրաստվում ենք ներկայացնել Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» ստեղծագործությունը, որը տեսանկարահանվելու է ու նաև համապատասխան է լինելու կենդանի ներկայացման համար։ Բացի այդ, նախատեսվում է Վազգեն Օվյանի «Այս Ղարաբաղն է» պոեմի հիման վրա նկարահանել թատերայնացված տեսահոլովակ։
Ասեմ նաև, որ մշակույթի նախարարության հետ այս պահին քննարկումներ են տարվում՝ Տիգրանակերտում բացօթյա ներկայացում կազմակերպելու շուրջ։
-Կարծում եք՝ արվեստը, մասնավորապես թատրոնը դժվար պահերին, տվյալ դեպքում՝ համավարակի պայմաններում ի զորո՞ւ է մեղմացնելու ու հոգևոր բավարարվածություն պարգևելու հանդիսատեսին։
-Թատրոնի ամբողջ հմայքը իր կենդանի լինելու մեջ է։ Կենդանի շփման միջոցով են փոխանցվում հոգևոր, գեղեցիկ զգացմունքները, և այդ փոխանցումը տեղի է ունենում միայն շփման կոնտեքստում։ Բայց քանի որ այս պահին դա ուղղակի հնարավոր չէ, մենք չենք ուզում հաշտվել այդ մտքի հետ, որովհետև ստեղծագործող մարդկանց համար դժվար է ոչինչ չանել և նաև, միևնույն ժամանակ, ստեղծագործող մարդու համար հեշտ է մտածել ու արարել նոր երևույթներ։
Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ հենց ինքն է թելադրում իր պայմանները, և մենք ուղղակի պարտավոր ենք հարմարվել այդ պայմաններին։ Այս պահին ընդվզումը մեր կողմից ուղղակի խելամիտ քայլ չէր լինի, որովհետև ընդվզում կլիներ մեր իսկ դեմ։ Սա ամենն է, ինչը մենք արեցինք ի օգուտ թատրոնի։
Իհարկե, մենք շատ մեծ սպասում և հույս ունենք, որ մոտ ժամանակներում թատրոնը կվերականգնի իր ավանդական առաքելությունը կրող գործընթացը՝ ներկայացումներ, հանդիսատես, բեմ, դահլիճ, բայց ես հավատացած եմ, որ ցանկացած տիպի արվեստի ստեղծագործություն, որն արվում է գեղագիտական, ճաշակով և արվեստի սահմանների մեջ՝ օնլայն թե կենդանի ձևաչափով, բավարարում է հանդիսատեսի գոնե որոշակի պահանջը։
Լուսինե Թևոսյան