Օգոստոսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից երկրորդ հատուկ չվերթով Լիբանան ուղարկվեց հերթական մարդասիրական օգնությունը։ Այս անգամ օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության կողմից։ Արցախի կողմից տրամադրվող աջակցության վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի հետ։
-Երկրոդ հատուկ չվերթն է, որով մարդասիրական օգնություն է ուղարկվում Լիբանան։ Մի փոքր կմանրամասնեք, թե ինչպես ստացվեց, որ Արցախը ևս միացավ աջակցության այս գործընթացին։
-Արցախի կառավարությունը հետևում է Հայաստանի կառավարության և Լիբանանում գործող շտաբի կողմից կարիքների գնահատման գործընթացին։ Մենք ցանկություն ունեցանք մեր դերակատարությունը ևս ունենալ, և Հայաստանի կառավարությունը առանձին ինքնաթիռ տրամադրեց, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա իր օգնությունն ուղարկել մեր հայրենակիցներին, որոնք ապրում են Լիբանանում։
-Արդյոք երկրորդ և երրորդ չվերթով ուղարկվող օգնությունը նախատեսված է միայն Լիբանանի՞ հայ համայնքի համար:
-Ի սկզբանե Լիբանանի հայ համայնքը օգնություն էր խնդրել ողջ Լիբանանի համար։ Այս մասին խոսել են թե՛ համայնքի ներկայացուցիչները, թե՛ Արամ Ա կաթողիկոսը, որ «մենք ուզում ենք կարքիների գնահատման փուլում Հայաստանի կառավարությունը օգտակար լինի Լիբանանի ողջ ժողովրդին»։ Առաջին օգնությունը Հայաստանի կառավարությունը հենց այդպես էլ կազմակերպել է։ Հետագայում երկրորդ ուղեբեռը որոշեցինք, որ ուղղվի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Խորհրդանշական է, որ դա հենց Արցախի ժողովրդի կողմից է ուղարկվում՝ ամբողջությամբ Արցախի արտադրանք է։
Ով-ով, բայց արցախցին լավ գիտի Լիբանանի մեր համայնքի մեծ դերը ազգային -ազատագրական ողջ պատերազմի ընթացքում, և ինչո՞ւ չէ, երբ երկրաշարժ եղավ Հայաստանում, ողջ հայությունը օգտակար եղավ Հայաստանին, երբ Արցախի ազգային-ազատագրական շարժումն էր, ողջ հայությունը միասնական էր։ Այս օրինակը ապացուցում է մեկ ժողովուրդ-մեկ նպատակ-մեկ միասնական դիմակայում սկզբունքը։ Այո՛, այսօր Լիբանանում է խնդիրը. արցախցին գիտակցում է դա։ Ապրում ենք Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում, պետք է բոլորս միասնական օգտակար լինենք մեր բոլոր հայրենկիցներին։
-Իսկ կմանրամասնեք, թե Արցախից ի՞նչ արտադրանք է ուղարկվում։
-Այս անցած 10 տարիներին Արցախում իրականում մեծ թափ ստացավ վերամշակման գործընթացը, քանի որ գյուղատնտեսությունն արդեն հասել էր այդ մակարդակին։ Արցախում ստեղծվեց բուսական յուղի վերամշակման մեծ գործարան, մի քանի մեծ արտադրություններ, որոնց արտադրանքը արտահանվում է ՌԴ և այլուր։ Այսօր մեր կառավարությունը մեծ դեր է տալիս հատապտուղներին։ Կոնկերտ այսօր մենք ուղարկում ենք մոշի, վարդի մուրաբա, ծիրանի, դեղձի, սալորի ջեմեր։ Ունենք արտադրության բավականին մեծ տեսականի։ Շարունակելու ենք հետևել ՀՀ կառավարության նախաձեռնություններին և մեր մասնակցությունն ենք բերելու դրանց։
-Օրերս հայտնի դարձավ նաև, որ Լիբանանում բնակվող շատ հայեր ցանկանում են վերադառնալ Հայաստան։ Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում վերջիններիս Արցախում վերաբնակցնելու համար։
-Պետք է տեղյակ պահեմ՝ մոտ մեկ ամիս առաջ արդեն ցանկություն հայտնողներ կային։ Մենք արդեն ունենք մոտ 100 հաշվառված ընտանիք, որոնք պատրաստվում էին վերահաստատվել Արցախում, և Լիբանանում Արցախի ներկայացուցիչը այդ ուղղությամբ աշխատում է։ Փորձ է արվում ճշտել մասնագիտությունների, աշխատեղերի հնարավորությունները, Շուշի քաղաքում՝ նախագահի հրամանով հատուկ խումբը հետևում է ազատ բնակարանների վարձակալությանը և այլն։ Առավելևս այսօր, երբ մեր հայրենակիցները ծանր կացության մեջ են, Արցախը հոժարակամ է նաև այդ ընտանիքներին ընդունելու։ Դժբախտությունից հետո պետք է այնպես անենք, որ այդ ամենի արդյունքը լինի վերկանգնելի։
Իրականում մեծ ներդրում կլինի Արցախի համար, երբ Լիբանանից եկած մեծ թվով երիտասարդներ մասնակցեն ճամաբարային հավաքների՝ ծանոթանան Արցախի բնաշխարհին, մշակույթին, ինչո՞ւ չէ՝ նաև այն խնդրներին, որոնց դիմայում է Արցախը։