ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
Անցնող շաբաթվա ներքաղաքական զարգացումների շարքում բավականին առանցքային տեղ էր զբաղեցնում Արսեն Թորոսյանի հրաժարականի շուրջ ծավալվող խոսույթը, որը սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից վերջինիս արձակուրդ մեկնելու հրամանագրի ստորագրումից։
Շատերը դրանում Թորոսյանի հնարավոր հրաժարականը տեսան, ինչի վերաբերյալ տարբեր մակարդակներով հերքումներ եղան։ Սակայն կրքերը նորից թեժացան շաբաթավերջին, երբ Թորոսյանը արձակուրդային լուսանկարներ հրապարակեց։ «Տեսնես աշխարհի է՛լ որ երկրում է առողջապահության նախարարը արձանագրել 877 մահ կորոնավիրուսից, 267 մահ այլ պատճառով, սակայն կրկին կորոնավիրուսով պայմանավորված և այդ պայմաններում մեկնել արձակուրդ»,-այսպես արձագանքեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Կրկին հարցազրույցով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս անգամ նրա հանդիպումը տնտեսական ոլորտի լրագրողների հետ էր։ Քոչարյանը ոչ միայն անդրադարձավ ներկա կառավարության տնտեսական քաղաքականությանը, այլև իր կառավարման ժամանահատվածում կատարված աշխատանքներին։ Նա պարզաբանումներ ներկայացրեց բավականին երկար քննադատված մի շարք ռազմավարական ակտիվների՝ Ռուսաստանին փոխանցման վերաբերյալ։ «Մեղադրում են, ասում են՝ ռուսներին ակտիվը տվեցի և այլն։ Ամբողջ «ՀայՌուսգազարդը» մի հատ փտած խողովակ էր՝ մոտ 30 հազար բաժանորդով։ Բալանսային արժեքը 18 միլիոն դոլար էր»,- նշեց Քոչարյանը։ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ արձագանքները, ինչպես շատ այլ դեպքերում, պարզունակ էին՝ կապված որոշակի լեզվաբանական առանձնահատկությունների հետ, ինչպես օրինակ՝ ինչո՞ւ է Երկրորդ նախագահը Իրանին Պարսկաստան անվանում։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Լուրջ քննարկման առիթ դարձավ պարետ Ավինյանի կողմից դիմակ կրելու կանոնների վերաբերյալ արված փոփոխությունը։
Նոր որոշմամբ՝ դիմակների կրումը պարտադիր չի լինի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի։ Շատերը սրանում խտրական վերաբերմունք տեսան։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀՀ Կառավարության նիստում հաստատվեց փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը։
Փաստաթղթի նպատակն է նպաստել ՓՄՁ մրցունակության բարձրացմանը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտը, ռեսուրսների, այդ թվում՝ ֆինանսների հասանելիությունը, շուկաների հասանելիությունը, մարդկային կապիտալի և ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը։
Փորձագիտական շրջանակները նշում են, որ Հայաստանն աստիճանաբար դուրս է գալիս կորոնավիրուսի հարուցած տնտեսական շոկից։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
Այս շաբաթ տեղի ունեցան երկրի համար մեծ ներդրում ունեցած հայորդիների պարգևատրման արարողությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում Տավուշյան հաղթական մարտերի մասնակիցներից 16 զինծառայողների հանդիսավոր կերպով պարգևատրեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Կապիտան Ռուբեն Սանամյանին շնորհվեց Ազգային հերոսի կոչում՝ Հայրենիքի շքանշանով։
Արցախում հանդիսավոր պայմաններում կայացավ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և ԱՀ ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու արարողությունը:
Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով։
Կարող ենք ընդգծել, որ կոչումների այս շնորհումների մի մասն այնքան էլ միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։
Շարունակվում են հանրակրթական և ծրագրային չափորոշիչների շուրջ դժգոհությունները։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք գնում են բարեփոխումների ճանապարհով, որը որոշ շրջանակների համար ցավոտ ընթացք ունի, իսկ դժգոհությունների հիմքն, ըստ նախարարի, բովանդակային չէ։
Դպրոցներում դասապրոցեսի վերսկսման վերաբերյալ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ եթե չպահպանվեն հակահամաճարակային կանոնները, ապա ստիպված կգնան դպրոցների փակման։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այս շաբաթ տարօրինակ կերպով պարզ դարձավ, որ Թուրքիան ևս ղարաբաղյան հակամարտության կողմ է. թուրքերը գտնում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ՝ երկու պետություն են։ Իր հերթին պաշտոնական Բաքուն մտահոգություններ հայտնեց Ռուսաստանի կողմից ՀՀ-ին ակտիվ սպառազինելու կապակցությամբ։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտարարեց Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին։ Ըստ նրա՝ բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
Բավականին լարված է մնում Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի խնդիրը։ Մի կողմից Կարմիր խաչի հայաստանյան գրանսեյակը հայտարարում է, որ միջոցներ են ձեռնարկվում սպայի կացության, նրան՝ ընտանիքի հետ կապի դուրս բերելու համար, մյուս կողմից ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ նույն կազմակերպության ադրբեջանական գրասենյակը դեռևս չի այցելել սպային, ինչն, ըստ նրա, կասկածի տեղիք է տալիս։
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ենթակայությամբ կստեղծվի աշխարհազորային ուժերի համալիր։ Աշխարհազորի ստեղծման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելն է։