Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Տեղեկությունը հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Տեղեկացվում է, որ երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը: Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ:
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը պատերազմող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջական հրադադար հաստատել, թուլացնել լարվածությունն ու առավելագույն զսպվածություն ցուցաբերել:
Նշվել է, որ Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման քաղաքական և դիվանագիտական մեթոդներն այլընտրանք չունեն:
Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման: