Երեկ ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով:
Իր հերթին՝ դեսպան Կոպիրկինը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և իր կողմից գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակներում: