Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինյալ վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով. ահազանգում են միջազգային լրատվամիջոցները։ Խոսքը 3000-4000 վարձկանների մասին է, որոնք, ըստ այդ աղբյուրների, Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են՝ 1500-2000 ԱՄՆ դոլարի դիմաց: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․ հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները: Նշվածի մասին տեղեկությունները հավաստվում են նաև Արցախի աղբյուրներով:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:
Ուստի, միջազգային հանրությունը ու, առաջին հերթին, մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն:
Անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ կանխելու այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները, ու դա պետք է անել ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով: