Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջին էսկալացիայի խորացմանը զուգընթաց՝ քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ամբողջ ծանրությունը, իսկ իրենք ծայրահեղ անհանգստացած են ճգնաժամով և բնակչության տեղահանումներով, որոնք կարող են նաև հանգեցնել կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի։
ԿՄԽԿ-ից նշել են, որ գործակցում են Հայկական Կարմիր խաչի և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունների հետ՝ համակարգելով Ղարաբաղյան հակամարտությունից ամբողջ տարածաշրջանում տուժած անձանց աջակցությանն ուղղված աշխատանքները։
ԿՄԽԿ-ից նշել են, որ շփման գծի երկու կողմում և Հայաստանում հաղորդվել է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում մահերի ու վիրավորումների մասին։
«Այժմ փորձում ենք գնահատել առողջապահական և մարդասիրական այլ կարիքները, այդ թվում՝ իրենց տները լքած անձանց իրավիճակը։ Դաշտային այցելություններ կատարելու մեր կարողությունը սահմանափակ է մարտարական գործողությունների ուժգնության ու իրավիճակի անկայունության պատճառով», – ասել է Բերտրան Լամոնը, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։
Տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների ղեկավար Մարտին Շյուպը կողմերին կոչ է արել խնայել քաղաքացիական բնակչությանը, հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
ԿԽՄԿ-ն հաղորդումներ է ստացել ապահով վայր տեղափոխվել ու իրենց ընտանիքներին տեղափոխել ցանկացող մարդկանցից։ Հաղորդվում է նաև ծանր հրետակոծման հետևանքով ոչնչացված հարյուրավոր տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների մասին, իսկ վնասված տներում մնացած մարդիկ շարունակում են ենթարկվել չպայթած զինամթերքի վտանգներին։
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական կողմը կրկին թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքների։ Նա «Սմերչով» հարված էր հասցվել Հադրութի ուղղությամբ, ապա նաև հարվածներ էին եղել մայրաքաղաք Ստեփանակերտին։ Ստեփանակերտում միայն հոկտեմբերի 2-ի հարվածից 10 վիրավոր կա։ Պատերազմի օրերին թիրախավորվել են նաև Մարտունու ու Մարտակերտի խաղաղ բնակիչները։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 102 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: