«Թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով որը, ըստ ռազմական փորձագետների, 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որևէ հատվածում»,– այսօր իր ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հարյուրավոր տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր և հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ և տասնյակ հազարավոր հետևակ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի ՊԲ դիրքերը՝ շփման գծի ողջ երկայնքով»,- նշեց նա:
Նա հայտնեց, որ նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց են տվել, որ Արցախի ՊԲ մեկ մարտական դիրքի վրա գրոհի են նետվում մոտ 150-200 թշնամական զինվոր, ընդ որում՝ այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային և ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, ԱԹՍ-ների աջակցությամբ։ «Միայն ու միայն հաղթանակն է, որ մենք պատկերացնում ենք այս պատերազմի վերջում»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը հայտնել է, որ եղած տեղեկություններով՝ թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները:
«Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ շաբաթ՝ Արցախի Պաշտպանության բանակը, մեր կամավորական ջոկատները կենաց եւ մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա»,-նշել է վարչապետը։
Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր:
«Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, հակառակորդի մարդուժի կորուստները անցնում են մի քանի հազարը»,-ընգծել է վարչապետը։
Ըստ նրա՝ որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավական ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին: