ԱՀ ԱԳ նախարարությունն այսօր հանդես էր եկել հայտարարությումբ, որում արցախյան կողմը խնդրում է ճանաչել Արցախի անկախությունը: Հայտարարությունն ուղղված էր Միջազգային հանրությանը: Հայտարարության էության ու դրդապատճառների մասին այսօր խոսեց ԱՀ ԱԳ նախարարը:
«Վաղն առավոտյան կլրանա մեկ շաբաթը, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Մերձավոր արևելքից բերված ահաբեկչական խմբավորումները ագրեսիա են սկսել Արցախի հանրապետության դեմ»,- Արցախի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ շարունակելով.
«Այս ընթացքում Ադրբեջանը, Թուրքիան ու իրենց սատարող ահաբեկիչները Միջազգային հումանիտար իրավունքների Ժնևյան կոնվենցիայի խախտումներ են կատարել՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքներ, գյուղեր, որի հետևանքով ունեցել ենք քաղաքացիական բնակչության կորուստներ»:
Ըստ բանախոսի՝ միջազգային հանրության տարբեր կառույցներ, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ նախագահող երկրների ղեկավարներով, կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները: Սակայն կոչերը մնացել են անպատասխան:
Այսպիսով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, փաստորեն, ունեն Միջազգային հանրության կարծիքից տարբերվող կարծիք ու լկտիաբար մերժում են հնչող կոչերը՝ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցային սեղանին:
«Ցավոք՝ եռյակ դաշինք է ստեղծված, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրների վրա»,- ասաց Մայիլյանն ու հավելեց. «Արցախի անկախության ճանաչումը զսպող մեխանիզմ կարող է դառնալ՝ խաղաղության հաստատման համար»: