«Սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է։ Ուզում եմ, որ այս համախմբվածությունը շարունակի մնալ՝ օգնելու մեր տարհանվածներին։ Ուզում՝ եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետև այսօր, քան երբևէ, ԱՀ և ՀՀ իշխանության դերը բարձր է, պատասխանատու է, վճռորոշ է։ Ուզում եմ՝ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ո՛չ ադրբեջանցիների»,– Facebook-յան իր տեսաուղերձի ժամանակ հայտարարեց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ ուզում է, որ մեր հայերը գիտակցեն, որ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին, որովհետև նրանց աշխարհաքաղաքական կեղծ ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի տակ տառապում են։
«Տառապում են, որովհետև այս ամբողջի խնդիրները, հետևանքները քաղելու է խաղաղ ժողովուրդը։ Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին։ Դրա համար մենք աշխարհով մեկ պետք է պայքարենք Ադրբեջանի իշխանության դեմ։ և այդ պայքարի ձևերը դուք գիտեք։ Այս փուլում պայքարեք քաղաքակիրթ եղանակով, բայց նշում եմ՝ այս փուլում»,- հավելեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը։
Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլորին։
«Ուզում եմ, որ պատրաստ լինենք կյանքի գնով պաշտպանելու մեր հողը, մեր հայրենին, մեր սերունդների ապագան։ Հաղթանակը մերն է լինելու, չկասկածե՛ք»,- եզրափակեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի 208 զոհված զինծառայող, 8 քաղաքացիական անձի մահ, շուրջ 200 վիրավոր։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: