ՀՀ ԿԳՄՍՆ-Հայաստանի ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեն հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Ադրբեջանը երբեք գաղտնի չի պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու իր ռազմավարական նպատակը և մեծ լարվածության տակ է պահել թե՛ շփման գծի ամբողջ տարածքը, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը:
Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով հանրայնորեն դատապարտել է Lեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ բացահայտ դիմելով պատերազմի: Այդ նպատակով Ադրբեջանը նաև կողմնակի ուժեր է ներգրավում, դրանց թվում՝ Թուրքիային:
Մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ՝ Ադրբեջանը նախաձեռնել է նոր հարձակում, որը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյությանը, քանի որ Ադրբեջանը կրկին ցուցադրել է այդ տարածքը հայերից բնաջնջելու իր մտադրությունը:
Մի երկիր, որն իրեն ներկայացնում է իբրև հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել՝ արդեն հասել է իր իրավասության տակ գտնվող տարածքներում հայերի քաղաքակրթական ներկայության հետքի համակողմանի ոչնչացմանը՝ 20-րդ դարի ամբողջ ընթացքում իրականացնելով հայերի հարուստ մշակութային ժառանգության վերացման քաղաքականություն:
Այս դեկտեմբերին կլրանա Նախիջևանում իրագործած մշակութային վանդալիզմի ամենավերջին և տխրահռչակ գործողությունների 15-րդ տարելիցը:
Ի հակադրություն ադրբեջանական իշխանությունների` տասնամյակներ ընթացող մշակութային վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության՝ Հայաստանը և Արցախը միշտ հավատարիմ են իրենց տարածքներում մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության միջոցով խաղաղության և համերաշխության առաջընթացի գաղափարին՝ անկախ դրանց էթնիկ և կրոնական ծագումից:
Ներկայում կրակի գոտում գտնվող թանգարաններն ու հավաքածուները ոչնչացման մեծ վտանգի տակ են: Մենք՝ թանգարանային ոլորտի մասնագետներս, պարտավորված ենք հանրահռչակել և միջազգային հանրությանը կոչ անել պաշտպանել և պահպանել մշակութային ժառանգությունը, որը համաշխարհային բարօրությանը հասնելու միջոցներից է:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում վճռականորեն դատապարտել Ադրբեջանի թշնամական գործողությունները՝ այդպիսով կանխելով հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը»: