Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախօրեին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուեյի հայտարարությանը հղումով։
«Այսօր առավոտյան Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի մի շարք անդամներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին հարող սահմանամերձ շրջան։ Այցի նպատակն էր՝ լինել սահմանին և քննարկել ԼՂ վերջին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր»,- ասված է նրա հայտարարությունում։
Նա հայտարարել է, որ «այցի ընթացքում ուսումնասիրվել են Իրանի սահմանամերձ հատվածներում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետևանքները»։
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո ավելի քան 20 ականանետային արկ է ընկել Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիս-արևմտյան Ասլանդոզ շրջանում:
Թեհրանը ընդգծել է կրակի դադարեցման և երկխոսության միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու կողմերին նախազգուշացրել իրանական տարածքում պատահական կրակի բացման հետևանքների մասին։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ իրենց տարածքի վրա հակամարտության մասնակիցների կողմից ցանկացած տեսակի հարձակում անընդունելի է, եւ նախազգուշացնում էր, որ բոլոր կողմերն անհրաժեշտ զգուշություն ցուցաբերեն այդ հարցում։