Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների շուրջ: Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետևանքով առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։
ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը և խստորեն դատապարտեց այն։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորեց կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Յոթօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի շուրջ 220 զոհված զինծառայող, զոհեր կան քաղաքացիական անձանց շրջանում։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: