Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորումը չունի այլընտրանք: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, այս մասին նախարարները խոսել են հեռախոսազրույցի ընթացքում:
Հեռախոսազրույցի ընթացքում Մոսկվայի և Թեհրանի լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ: Ընդգծվել է նրանում Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է դառնա առանց նախապայմանների կրակի դադարեցումը:
Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում` տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման ուղղությամբ: Նախարարները կրկին ընդգծել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները:
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Տասնօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի շուրջ 250 զոհված զինծառայող, տասնյակ քաղաքացիական անձի մահ, հարյուրավոր վիրավորներ։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: