Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև Արցախի հյուսիսային ուղղությամբ․ դիրքեր է ազատագրել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Վերջինս նշեց, որ Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել Ստեփանակերտին՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը մեծ ուժերով հարավային ուղղությամբ կրկին ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում, իսկ հայկական կողմը հարմար պահին հրետանային հարված է հասցրել, ջախջախել ադրբեջանական 3 բրիգադ։
«Մոտ 60 դի թողել են դաշտում։ Մարտի դաշտում է մնացել մեծ թվով զրահատեխնիկա՝ և՛ սարքին, և՛ խոցված։ Մնացածները փախել են»,- մանրամասնեց ՊՆ ներկայացուցիչը։
Հովհաննիսյանը նշեց, որ հայկական զինված ուժերն իր առաջ դրված խնդիրը հստակ կատարում է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։