Լոս Անջելեսում հարյուրավոր հայ ցուցարարներ փակել են Los Angeles Times պարբերականի խմբագրությանը հարող փողոցները: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ամո՛թ, L.A. Times»: Նրանք թերթին մեղադրում են հայ ժողովրդի հանդեպ կարեկցանքի բացակայության և ապատեղեկատվություն հրապարակելու համար:
Խնդիրը հանգստյան օրերին ամերիկահայերի անցկացրած բողոքի ցույցերի մասին L.A. Times-ի հրապարակած հոդվածն է: Նրանում խոսվում է հայ ակտիվիստների մասին, սակայն հոդվածը ներառում է նաև Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևի մեկնաբանությունը, որում նա Հայաստանին և նրա դաշնակիցներին մեղադրում է ռասիզմի և իսլամատյացության համար: Նրա մեկնաբանությունն առաջացրել է հայ համայնքի ներկայացուցիչների դժգոհությունը:
«Այդ հոդվածում խոսակցության տոնն ապշեցուցիչ է և անընդունելի»,- ասել է ցույցի մասնակից 19–ամյա Նշան Բլիկյանը: Նրան հիասթափեցրել է նաև այն, որ տվյալ հոդվածում Հոլիվուդում անցկացված երկօրյա ցույցերը նկարագրելիս նշվել է 500 մասնակցի մասին: Նրա խոսքով՝ այդ թիվը շատ ավելի մեծ է եղել:
Խմբագրություն է ուղարկվել Հայ ազգային կոմիտեի բողոք-նամակը: Աղաևի մեկնաբանությունը մտահոգություն է առաջացրել Ամերիկայի հայ ազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ալեքս Գալիցկիի մոտ:
«Ես հասկանում եմ, որ անհրաժեշտություն կա գտնել հեռանկար Ադրբեջանի համար, սակայն սա մի մարդ է, որը բացահայտ հակահայկական հռետորիկա և ատելություն է տարածում»,- նշել է Գալիցկին: