Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։
Ամփոփելով ադրբեջանական ագրեսորների՝ քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում հասցրած հարվածները՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․
«Ունենք 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթեւ կամ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ ծանր։ Կա 20 զոհված։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք շարքից դուրս է եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշեր եւ այսօրվա ցուցանիշները»։
Անդրադառնալով այսօր Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով լրագրողների վիրավորվելու փաստին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց․
«Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց անտեսելով դա՝ թիրախավորում են նրանց։ Մինչ այս նաեւ Մարտունիում էր դեպք եղել, երբ վիրավորվել էր ֆրանսիական թերթի լրագրողը։ Հակառակորդը ուղղակի կրակում է խաղաղ բնակչության ուղղությամբ ու վերջ։ Ստեփանակերտն ու Շուշին մեծ քաղաքներ չեն, եւ շատ լավ հայտնի է՝ որտեղ ինչ կա։ Ուզում եմ որ ամբողջ աշխարհն իմանա սրա մասին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։