Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ներկայիս ճգնաժամի ռազմական մասն ավարտին է մոտեցել, և կողմերը դուրս են եկել քաղաքական կարգավորման փուլ։
Ադրբեջանի նախագահն այս մասին ասել է ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ եթեր է հեռարձակվելու վաղը։ Նշելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար Բաքուն ու Երևանը կնստեն բանակցությունների սեղանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ՝ Ալիևը վստահեցրել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է վաղն էլ դա անել, բայց՝ «իր պայմաններով»։
«Ռազմական մասը կամ դրա առաջին մասը մոտեցել է ավարտին։ Հիմա մենք դուրս ենք եկել քաղաքական կարգավորման փուլ, որը կապահովի, որպեսզի մենք հասնենք վերջին»,- ասել է Ալիևը։ Նա, սակայն, կրկին հայտարարել է, որ հակամարտության վերջնական լուծման համար «Հայաստանը պիտի համակերպվի նրա հետ, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին»։
Նշենք, որ այսօր, ժամը 12:00-ից կողմերի պայմանավորվածության համաձայն՝ հումանիտար հրադադար է հաստատվել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: