Ադրբեջանի Զինված ուժերը հումանիտար նկատառումներով կրակի դադարեցման ժամանակ իրենց ոչնչացված զինվորների դիակները վերցնելու թույլտվությունն օգտագործել են պրովոկացիա անելու համար: Այս մասին հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դադարեցվել է այդ գործընթացը, որովհետև նման դեպքերը օգտագործում են պրովոկացիա անելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հավելեց, որ հետայսու ՊԲ-ն այդ թույլտվությունը տալու է միայն Կարմիր Խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Նշենք, որ այսօր, ժամը 12:00-ից կողմերի պայմանավորվածության համաձայն՝ հումանիտար հրադադար է հաստատվել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում: