Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
«Զրույցների ընթացքում կողմերը հաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ին Մոսկվայում երեք երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդատվությունների արդյունքում, ընդգծել են «հողի վրա» դրա խիստ պահպանման անհրաժեշտությունը», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հհրադադարը նախատեսում է հումանիտար նպատակներով ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: