ՀԱՊԿ-ն չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս: Այս մասին Russia Today-ի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Այդ պատճառով մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նախ և առաջ, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այն մանդատը, որը կա»,- ասել է Զասը` նշելով, որ այլ երկրների ներգրավումն այս հակամարտությունում ՀԱՊԿ-ն համարում է հակաարդյունավետ:
«Եթե Թուրքիայի գործունեությունը դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից, ապա մենք, իհարկե, չենք ողջունում դա»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հիշեցնենք, որ Մոսկվայում ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հհրադադարը նախատեսում է հումանիտար նպատակներով ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: