Չնայած պաշտպանության բանակը հետևում է Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություններին և կրակ չի վարում՝ ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծության տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին և Արցախի Հանրապետության այլ բնակավայրերը:
Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:
Ադրբեջանական կողմը միևնույն ժամանակ ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախավորել են Գյանջա քաղաքը: Այս պնդումները բացարձակ սուտ են և իրականության հետ որևէ առնչություն չունեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել Արցախի բնակավայրերը: