Առավոտվա դրությամբ արցախա- ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Բայց չգիտեն, թե հարաբերական անդորրը որքան կպահպանվի:
ԱՀ նախագահը չի բացառում, որ ցանկացած վայրկյան հակառակորդը կարող է վերսկսել ռազմական գործողությունները:
Նա հայտնեց, որ այս պահին Արցախի բնակավայրերի վրա հրթիռակոծություն, հրետակոծություն չի կատարվում, իսկ առաջնագծում հրաձգություններ են՝ փոքր տրամաչափի զենքերից:
ԱՀ նախագահը ևս մեկ անգամ շեշտեց, որ երեկ Ադրբեջանը փաստացի խախտել էր հումանիտար հրադադարը՝ հերթական անգամ թիրախավորելով բնակավայրերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Դիվերսիոն խումբը Հադրութում ներխուժել է բնակելի տուն և սպանել 2 բնակչի՝ մորն ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: