Մինչև այս գիշերը ներառյալ Արցախում սպանվել է 25 բնակիչ: Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական կողմը սպանել է առնվազն 5 քաղաքացիական անձի: Վիրավորների թիվը 102 է: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Զոհերն ու վիրավորները Սեփանակերտի, Հադրութի, Մարտակերի, Մարտունիի բնակիչներն են: Բեգլարյանը մանրամասնեց, որ զոհերի կեսից ավելին 50-ից բարձր տարիքի են:
Նախնական հաշվարկով՝ 25-ից զոհից 9-ը կին է, 15-ը՝ տղամարդ, մեկն էլ 9-ամյա երեխա:
«Թիրախավորվել են ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ բոլոր շրջկենտրոնները, նույնիսկ սահմանից 90-100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերը: Ադրբեջանը համակարգված կերպով և շարունակական կերպով թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության դեմ կիրառվել են բավականին ճշգրտությամբ խոցող զինատեսակներ: Եղել է ուղիղ, թիրախավորված հարված բնակչությանը: Դեպքեր ունենք, որ կիրառվել է ինքնասպան արտադրության ԱԹՍ: Հադրութում մեկ տան վրա ինքնասպան ԱԹՍ-ն է հարված հասցրել: Բնակավայրերի ուղղությամբ արձակվել են նաև բալեստիկ հրթիռներ»,-ասաց Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանն ասուլիսին բերել էր խոցված ինքնասպան ԱԹՍ-ի կտորները: Վրայի գրվածներից պարզել են, որ դրանք իսրայելական արտադրության են:
ԱՀ ՄԻՊ-ի խոսքով՝ Շուշիի եկեղեցու թիրախավորումը եղել է և՛ հրթիռով, և՛ ԱԹՍ-ով:
Բեգլարյանը նշեց, որ կան ապացույցներ, որոնց համաձայն Ադրբեջանի զինված ուժերի ներքո գտնվող հայ զինծառայողների մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը որոշակի ոտնձգություններ է կատարել, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել Արցախի բնակավայրերը: