Եվրոպական միությունը կոչ է անում Ադրբեջանին ու Հայաստանին պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ-ն` անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին չդադարող լարվածությանը համաձայնագրից հետո։
ԵՄ–ն հիշեցնում է, որ այդ համաձայնագրով նախատեսված է, որ բոլոր գործող անձինք, այդ թվում ՝ արտաքին կողմերը, ձեռնպահ պետք է մնան ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել զոհերի:
«Այս կապակցությամբ մենք խիստ մտահոգությամբ ենք նշում շարունակվող ռազմական գործունեության, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը։ Կողմերին կոչ ենք անում ապահովել համաձայնագրի լիակատար պահպանումը»,– նշված է ԵՄ հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն կոչ է անում կողմերին անհապաղ ձեռնամուխ լինել առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։