ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրել է արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակը։
Ըստ Հովհաննիսյանի՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանն ընդհանրապես չի կատարում։
«Վաղ առավոտվանից սկսվել են մարտական գործողությունները 4 ուղղություններով, օգտագործվել է նաև ծանր հրետանի։ Օրվա ընթացքում մարտական գործողությունները նաև հարավում է շարունակվել։ Հադրութի ուղղությամբ հակառակորդը հետ է շպրտվել։ Հադրութը գտնվում է հայկական ԶՈՒ վերահսկողության տակ»,- նշել է Հովհաննիսյանը։
Նա հայտնել է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը վերախմբավորումներ է անում, որպեսզի առավոտից նորից վերսկսի մարտական գործողությունները։
Անցնող ժամերի ընթացքում խոցվել է ադրբեջանական
- 3 ԱԹՍ
- 1 ինքնաթիռ
- 3 զրահատեխնիկա
- 200 զոհ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 491 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: