Ադրբեջանը չի կատարում և չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հոկտեմբերի 12-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավաստիացումները ևս մեկ կեղծիք են: Ինչ-որ պատճառով նրանք անընդհատ փորձում են ապակայունացնել իրավիճակը և ռազմական գործողություններ սանձազերծել:
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Մոսկվայում համաձայնություն ձեռք բերելուց հետո միակ բանը, որ արել է ադրբեջանական կողմը, հրետանու մի փոքր ավելի քիչ օգտագործելն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 491 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: