Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ ևս մարտական գործողություններ են ընթանում: Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Քարվաճառի ուղղությամբ էլ կան մարտական գործողություններ: Այսօր հակառակորդի ինքնաթիռը հենց այդ ուղղությամբ է խոցվել: Մարտերն ինտենսիվությամբ, միգուցե, զիջում են հարավային ուղղությամբ տեղի ունեցող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է »,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 491 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: