Ստրասբուրգում շարունակվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստը:
ԵԽԽՎ պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններին: ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում շեշտել է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ:
«Կարծում եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 9 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դե՞մ: Այստեղ ինչ-որ մեկը պետք է հավատա՞ դրան: Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղասպանության զոհ դառնալու վերահաս վտանգի առջև, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, լրագրողները, միջազգային լրագրողները, ռուս, ֆրանսիացի լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք պետք է այս հարցին լուրջ վերաբերվենք: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորների հետ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 525 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: