Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայոց բանակը ապացուցել է, որ անկոտրում է։ Այսօր հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ։ Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: