«Աշխարհում ոչ մեկին չի հաջողվել ԱԹՍ-ների դեմ ունենալ միատեսակ միջոց, որը լիարժեք պաշտպանություն կապահովի: Հավատացեք, ոչ թե 2016 թվականի ապրիլից է մեր մոտ խոսվում դրա մասին, այլ խոսվում է վերջին 20 տարում, ամբողջ աշխարհում՝ ամենաառաջատար երկրներում, ամենաառաջատար ռազմական ակադեմիաներում»,– այսօր ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արվել ԱԹՍ-ների դեմ արդյունավետ գործիք ունենալու ուղղությամբ:
Հովհաննիսյանն ասել է, որ այդ հարցում չկա մեկ ոսկե լուծում: Կոմպլեքս լուծումների մասին է խոսքը՝ խոցող, հայտնաբերող, պայքարող միջոցառումների ընդհանրության: Սա ասում է, որպես մասնագետ, ով վերջին 15 տարում զբաղվում է ԱԹՍ-ների ուսումնասիրմամբ: ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է նաև, որ երեկ ստիպված է եղել մեկ առ մեկ պատասխանել համացանցում շրջանառվող շատ մեկնաբանությունների, որոնք մասնագիտական ու հավաստի չեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: