«Համոզված եմ, որ քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
ՀՀ վարչապետը նաև ասել է, որ մինչև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը Թուրքիան արդեն հայտարարել էր, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ համաձայնագրի ընդունումից հետո տեղի ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի զանգը Ադրբեջան, որը, ըստ էության, հրահանգ էր՝ ոչ մի դեպքում չհամարձակվել դադարեցնել ռազմական գործողությունները:
«Թուրքիան Հարավային Կովկաս է եկել՝ շարունակելու իր այն քաղաքականությունը, որը նա վարում է Միջերկրական տարածաշրջանում, Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Դա էքսպանսիոնիստական քաղաքականություն է:
Հայտնի են Թուրքիայի էքսպանսիոնիստական պլանները դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք, և խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են՝ այդ էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարելու ճանապարհին: Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք», – ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը կրկնել է՝ Թուրքիան շարունակում է Օսմանյան կայսրության 20-րդ դարասկզբի քաղաքականությունը, ինչը նա որակեց որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:
«Ամբողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիա, և այդ կրակը կտարածվի դեպի հյուսիս, դեպի հարավ՝ շատ արագ, գործնականում ամիսների ընթացքում և ավելի երկարաժամկետ՝ դեպի արևելք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: