Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից։
Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ին, ագրեսիա են իրականացրել Արցախի Հանրապետության դեմ:
Երկու շաբաթ տեւած կատաղի մարտերից եւ միջազգային հանրության Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու կոչերից հետո Մոսկվայի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ անցկացրեցին:
ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել:
Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ մարդասիրական հրադադարն այդպես էլ չի հաջողվել հաստատել՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները չդադարեցնելու պատճառով։