Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջան. նրանք մասնակցել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մարտերին, հարյուրավորներն էլ պատրաստվում են մեկնել: Այս մասին, Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականը նշում է, որ այս տեղեկությունը հաստատել են Սիրիայում իր երկու աղբյուրները:
Այդ աղբյուրների վարկածի համաձայն՝ հուլիսից «սիրիական խռովարար խմբավորումների շրջանում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Թուրքիան մարտիկներ է հավաքագրում մարտական գործողություններին մասնակցելու համար»: WSJ-ի տեղեկություններով՝ Սիրիայից գրոհայինների տեղափոխումը հակամարտության գոտի սկսվել է սեպտեմբերի կեսերից։ Դրանք «100 հոգուց բաղկացած խմբեր» են: Պարբերականի սիրիական աղբյուրը զինված խմբավորումների հետ կապված նշել է, որ «հարյուրավոր մարդիկ են տեղափոխվել, սակայն տասնյակ մարդիկ արդեն վերադարձել են՝ անհանգստացած մարտերի դաժանությամբ»:
Հոդվածում մեջբերվում են սիրիացի ապստամբի խոսքերն այն մասին, որ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ ժամանած գրոհայինները ամսական մինչեւ 2 հազար դոլար գումար են ստանում: Մեկ այլ աղբյուր էլ հայտնում է, որ «սիրիական մարտիկների շրջանում կորուստներն արագ աճում են», եւ որ «200 սիրիացիներ արդեն խնդրել են վերադարձնել իրենց»: The Wall Street Journal-ը նաև գրում է, որ Թուրքիան Ադրբեջանում երկշաբաթյա զորավարժություններ է կազմակերպել և հարվածային անօդաչու սարքեր տրամադրել Ադրբեջանի իշխանություններին: