ԱՄՆ Սան Ֆերնանդո հովտում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմին։ Ցույցի մասնակիցներն ի նշան բողոքի՝ տարբեր հատվածներում կանգնեցրել են երթևեկությունը։ Այս մասին գրում է տեղական nbclosangeles.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայկական դրոշներով ավտոմեքենաները կանգնեցրել են Բըրբենքի Վենտուրա մայրուղու և Տոլուկա լճի հարակից ճանապարհի երթևեկությունը։
Բուենա Վիստա փողոցում երթևեկությունը, որը նույնպես կանգնեցրել են հայ ցուցարարները, վերսկսվել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 8:50-ին, սակայն դրանից հետո ավտոմայրուղում մեքենաները կրկին արգելափակել են Տոլուկա լճի շրջանում Կաուենգա բուլվարի երթևեկությունը։
Հայ համայնքի ներկայացուցիչները կոչ են արել խաղաղություն հաստատել Արցախում և համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ին, ագրեսիա են իրականացրել Արցախի Հանրապետության դեմ:
Երկու շաբաթ տեւած կատաղի մարտերից եւ միջազգային հանրության Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու կոչերից հետո, Մոսկվայի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ անցկացրեցին:
ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել:
Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ մարդասիրական հրադադարն այդպես էլ չի հաջողվել հաստատել՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները չդադարեցնելու պատճառով։