Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, քննարկել իրավիճակը Ղարաբաղում, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА новости-ն։
Պուտինը Էրդողանին լուրջ մտահոգություն է հայտնել մերձավորարևելյան տարածաշրջանի գրոհայինների՝ Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու կապակցությամբ։
Պուտինն ու Էրդողանը հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հիման վրա:
Պուտինը Էրդողանին հույս է հայտնել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացման գործում:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: