Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դիմելու դեպքում կարող է խաղաղապահ ուժեր ներգրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղության պահպանման գործողություններում միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ և միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան մանդատ ստանալու դեպքում: ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ТАСС-ին պատմել է, որ պետք է լինի նաև բոլոր հակամարտող կողմերի համաձայնությունը գործողության անցկացման համար:
Մամուլի քարտուղարը վկայակոչել է ՀԱՊԿ-ի 2007 թվականի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը: Նրա խոսքով՝ կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին որոշումն ընդունվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից: ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրի տարածքում խաղաղության պահպանման գործողության իրականացման դեպքում նույնպես պարտադիր կարգով պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը:
«Որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային օրենսդրությունը՝ իր տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին անդամ պետության պաշտոնական դիմումի կամ ՀԱՊԿ-ի մեջ չմտնող պետության տարածքում խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա», – նշել է Զայնետդինովը:
Նա նաև հիշեցրել է, որ հակամարտության կողմերից միակ մասնակից Հայաստանը դեռ չի դիմել կազմակերպությանը:
2007 թվականի համաձայնագրով՝ խաղաղապահ գործողություն անցկացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը պատրաստվում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հավանությունից հետո:
Ինչպես նշվում է փաստաթղթում, հակամարտության գոտում ռազմաքաղաքական իրադրության գնահատման և գործողության նպատակահարմարության և դրա մասշտաբների վերաբերյալ առաջարկությունների մշակման համար ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ստեղծվում է հատուկ խումբ: Փաստաթղթում առանձին նշված է, որ «խաղաղապահ գործողությունները չեն փոխարինում հակամարտության կարգավորումը բանակցությունների միջոցով և այլ խաղաղ միջոցներով»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: