Հայկական Սփյուռքում Արցախի դեմ ագրեսիայի սկզբից աննախադեպ մոբիլիզացիա է տեղի ունեցել, հայտնել է Սփյուռքի հարցերով գլխավոր լիազոր Զարեհ Սինանյանը՝ պատմելով հայկական համայնքներում իրականացվող միջոցառումների մասին:
Այսօրվա դրությամբ Հայաստան է ժամանել շուրջ 700 տոննա մարդասիրական օգնություն տարբեր երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլն: ՌԴ-ից ամեն օր մարդասիրական օգնություն է գալիս ինչպես օդով, այնպես էլ ցամաքով:
Եվս մոտ 100 տոննա օգնություն պատրաստ է ժամանել Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է հումանիտար օգնությամբ ինքնաթիռների թռիչքը իր օդային տարածքով
Շուրջ 120 մլն դոլար ֆինանսական օգնությունը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, մուտքերը շարունակվում են։
Բժիշկների բազմաթիվ խմբեր ժամանել են հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից, նրանք շարունակում են ժամանել։
Ինտենսիվ աշխատանքներ են տարվում թուրք-ադրբեջանական քարոզչությանը հակազդելու ուղղությամբ, ինչպես նաև տարբեր երկրներում Հայ դատի գրասենյակները հակազդում են թուրքական և ադրբեջանական լոբբիստներին։
Տարբեր երկրների օրենսդիր մարմիններում ներդրվել են Արցախի անկախության ճանաչմանն ու ագրեսիայի դատապարտմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ: Նաև համատարած գրեթե ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ են տեղի ունենում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: