Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերյան իր միկրոբլոգում քննադատել է ՄԱԿ ներկայացուցիչ Գուլամ Իսաչային՝ ընտրովի գրառումներ անելու համար։
«Ինչպե՞ս հասկանալ դա,- գրել է Բեգլարյանը,- ՄԱԿ ներկայացուցիչներն ընտրովի գրառումներ են անում պատերազմի հետևանքների վերաբերյալ: Որտե՞ղ է ՄԱԿ-ը, երբ Արցախի քաղաքացիական անձինք սպանվում և տառապում են Ադրբեջանի ագրեսիայից: Ոչ մի այց, ոչ մի բառ, ոչ մի օգնություն»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 555 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին:
Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան: