Բացարձակ անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը չդադարող զինված բախումների պայմաններում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում
գրել է
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ իր շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջև, իսկ շատ դեպքերում դրանք ուղիղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը:
Արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վիրավորումներ են ստանում խաղաղ բնակիչներ: Ինչպես ինձ պարբերաբար տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, վերջիններս գտնվում են Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում, սակայն շարունակվող ագրեսիվ հարձակումների պատճառով բժշկական օգնության անձնակազմերը լիարժեք հնարավորություն չեն ունենում հասնել այդ վայրեր ու մարդկանց ցույց տալ անհրաժեշտ աջակցություն:
Երեկ տեղի են ունեցել իմ հրատապ խորհրդակցությունները Հայաստանի իրավասու մարմինների հետ, իսկ Արցախում նույնն արել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Երկու դեպքում էլ ստացվել են վճռական հավաստիացումներ առ այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում րոպե առաջ են պատրաստ դիերի ու գերիների փոխանակման, ինչպես նաև անթույլատրելի են համարում նման մարդասիրական հնարավորության բացակայությունը: Ուսումնասիրությունը վկայում է, որ այս պատրաստակամությունը Հայաստանում ու Արցախում մշտապես արտահայտվում է նաև հրապարակայնորեն:
Առկա իրավիճակը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ 1949թ֊ի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող կոպիտ խախտում է:
Սա խախտում է ոչ միայն վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ: